ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  2014թ. հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը: Երևանյան գիտաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում Մատենադարանի երեք սրահներում՝ մեծ դահլիճում, ընթերցասրահում և վիրտաուլ սրահում, ընթերցվեց 70 զեկուցում: Նիստերի ավարտին տեղի էր ունենում նիստի ընթացքում ընթերցված զեկուցումների քննարկում: Գիտաժողովի արդյունքում նոր մենագրություններ ու գրքեր կծնվեն,  քանի որ այն բազմաթիվ նոր նախաձեռնությունների հարթակ դարձավ: Որպես «առաջնեկ»` հրատարակվելու է համաժողովում կարդացված զեկուցումների ժողովածուն:
  Հայագետների հաջորդ հանդիպումը նույն ձևաչափով տեղի է ունենալու Օքսֆորդում, երեք տարի անց` 2017 թ.:
>>>


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

  24.03.2013 - Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ: Սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների գիտաժողով: Երկու օրերի ընթացքում հնչեցին հայագիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող զեկուցումներ, լեզվաբանությունից մինչև հայ մանրանկարչություն: Մասնակիցների համար գիտաժողովն առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր և յուրատեսակ քննություն, քանի որ ներկա էին գիտնականներ, որոնց անմիջական հսկողության ներքո են մեզանից շատերն արել իրենց գիտական առաջին քայլերը:  >>>


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ

  23.09.2011 - 2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և  արտասահմանի  հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ:
 Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական ժամանակաշրջանի, գրերի գյուտի, 5-րդ դարի մատենագրության, ձեռագրագիտության, պատմագրության հետ առնչվող բազմաբնույթ զեկուցումներ: Գիտաժողովի երեք օրերին անցկացված հինգ լիագումար նիստերում զեկուցումներով հանդես եկան բազմաթիվ անվանի գիտնականներ, հայագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։  >>>


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԻՆ

  23.10.2009 - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտը 2009 թ. հոկտեմբերի 20-22-ը նշեց իր հիմնադրման 50-ամյակը` Երևանում կազմակերպելով միջազգային գիտական նստաշրջան:
Նստաշրջանի բացմանն իր խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց. «50 տարի առաջ, Մատենդարանի հոյակերտ շենքի կառուցումից 2 տարի անց, 1959 թվականին ստեղծվեց «Մատենադարան» գիտահետազոտական կենտրոնը: Եվ ահա, 50 տարի անց, կառուցվում է մի նոր շենք՝ Մատենադարանի գիտական խոշոր մասնաշենք-համալիրը: Հիրավի, դարակազմիկ երկու իրադարձություն, դարակազմիկ ոչ միայն հայ գիտության եւ մշակույթի, այլև հայ կյանքի համար ընդհանրապես, քանի որ նրան են ուղղված բյուր սերունդների հայացքները, նա դարձել է մեր անցյալի և ապագայի միահյուսման, մեր լինելիության և հավերժության խորհրդանիշն ու առհավատչյան»:
  >>>


ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

   15.10.2008 - Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված մեծավաստակ հայագետի և ուսուցչապետի գիտական հարուստ ժառանգությանը: Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 40 հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանից, ընթերցվեն բազմաբովանդակ զեկուցումներՙ Խաչիկյանի կյանքի ու գիտական գործունեության և նրա ուսումնասիրությունների  շրջանակի մասին: Գիտաժողովին հայրապետական օրհնության գիր էր հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը, հնչեցին ուղերձներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Միջազգային հայագիտական ասոցիացիայի նախագահ Վալենտինա Կալցոլարի կողմից, ինչպես նաև Վազգեն Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որը արվել էր 1978-ին` Լ. Խաչիկյանի 60-ամյակին: >>>


Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ 30-ՐԴ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

   24.11.2007 - 2007 թ. նոյեմբերի 21–23-ը Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ 30-րդ գիտական նստաշրջանը:
  Հոբելյանական այս գիտաշրջանին մասնակցում էին ոչ միայն Մատենադարանի գիտաշխատողները, այլև գիտական տարբեր հիմնարկներ ներկայացնող գիտնականներ: Տնօրեն Հրաչյա Թամրազյանը բացման խոսքում նշեց գիտաժողովի կարևորությունը, որը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ Մատենադարանում կատարված աշխատանքների տարեկան հաշվետվություն էր, այլև նրանով, որ թե՛ զեկուցողների և թե՛ ունկնդիրների մեջ կային զգալի թվով երիտասարդներ, ինչը ցույց է տալիս գիտական սերնդափոխության պատկերը և կարևորությունը: Գիտաժողովի նիստերը վարում էին անվանի գիտնականներ՝ այդ թվում ակադեմիկոս Սեն Արևշատյանը, որը նաև հանդես եկավ նստաշրջանի աշխատանքների ամփոփումով։
>>>