ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՍԱՄՈՒԷԼ ԱՆԵՑԻ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆԵՐ, ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

1818 թ. լատիներեն թարգմանությամբ, 1876 թ. ֆրանսերենով և 1893 թ. Վաղարշապատում կատարված հայերեն հրատարակությամբ գիտական աշխարհին հայտնի դարձած այս Ժամանակագրության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ գրված է ժամանակագրական աղյուսակների եղանակով և հետագայում տարբեր հեղինակների ձեռքով լրացվել է մեծ թվով ընդմիջարկություններով ու հավելումներով, միաժամանակ շարունակվել է մինչև 18-րդ դար։
Գրքի սկզբում ուսումնասիրությունն է, որտեղ անդրադարձ է կատարված Սամվել Անեցուն և նրա Ժամանակագրությանը, ձեռագրերին, հրատարակություններին ու լրացումներին։ Այնուհետև ներկայացված է բնագիրը երեք մասով՝ Սամվել Անեցու Ժամանակագրության Ա մասը՝ Ադամից մինչև Քրիստոսի ծնունդը, Բ մասը՝ Քրիստոսի ծննդից մինչև 1163 թ., և Սամվել Անեցու շարունակողների ժամանակագրությունը (1164-1776 թթ.)։ Դրան հաջորդում են ծանոթագրությունները։
Ներկա հրատարակությամբ հայագետների սեղանին է դրվում Սամվել Անեցու՝ Ադամից սկսվող ու լրացումներով մինչև 1776 թ. շարունակված, առաջին անգամ ներկայացվող բազմաթիվ ժամանակագրական միավորներ պարունակող մի հարուստ պատմական սկզբնաղբյուր։ Գիրքն ունի անվանացանկեր, ինչպես նաև Ժամանակագրության ձեռագրերի և առարկայական ցանկեր։
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ